Սիրիայի առողջապահության նախարարությունը Հալեպ է ուղարկել դեղորայքի նոր խոշոր խմբաքանակ: Երկրի առողջապահության նախարար Սաադ Ան Նայիֆը հայտնել է, որ բացի դեղորայքից, խմբաքանակում կա նաեւ բժշկական սարքավորում: Խմբաքանակը կբավականացնի 10000 վիրահատությունների համար:
Իր հերթին վարչապետ Վայիլ Ալ Հալկին Սիրիայի պետական հեռուստատեսությանը տված հեռախոսային հարցազրույցում խոստովանել է, որ Հալեպում հումանիտար իրավիճակը դեռ ծանր է: Նա ընդգծել է, որ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը երկրի երկրորդ քաղաքի բնակիչներին բժշկական եւ կոմունալ ծառայություններ մատուցելու, սննդամթերքով եւ վառելիքով ապահովելու ուղղությամբ:
Ալ Հալկին էլեկտրամատակարարման խափանումների մեղքը բարդել է գրոհայինների վրա, որոնք, ավերելով 800 մվ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը, խոչընդոտում են դրա վերականգնմանը: Բացի դրանից, ահաբեկիչների պատճառով ընդհատվել է Եփրատի հիդրոէլեկտրակայանից էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ըստ կառավարության ղեկավարի` էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները բացասական են անդրադարձել Հալեպի բնակիչների ջրամատակարարման վրա, որի պահանջարկը բավարարվում է միայն 60%-ով: Հանցախմբերի կողմից ճանապարհների արգելափակման պատճառով դժվարացել են նաեւ քաղաք վառելիքի մատակարարումները: Սակայն Ալ Հալկին վստահեցրել է, որ որ «Սիրիական բանակի զինվորների շնորհիվ բոլոր դժվարոթյունները շուտով կհաղթահարվեն»:
Ըստ վերջին պաշտոնական տեղեկության` Հալեպ քաղաքում եւ նրա մերձակայքում բանակի ստորաբաժանումները հարձակվել են ահաբեկիչների խմբավորումների վրա` ոչնչացնելով նրանց կացարանները: Բազմաթիվ ահաբեկիչներ ոչնչացվել եւ վիրավորվել են: Նշենք, որ չնայած հակամարտության ընթացքում Հալեպի մի քանի հազար հայ բնակիչներ ստիպված էին ժամանակավորապես տեղափոխվել պատմական հայրենիք, քաղաքում դեռ հայկական մեծ համայնք կա:




























