Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էրդալ Աքսյունգերը հայտարարել է, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը խորհրդարանի մոտակայքում գտնվող մի զինվորական կետից գաղտնալսում է Թուրքիայի խորհրդարանը։
Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էրդալ Աքսյունգերը, ով հանդիսանում է նաեւ խորհրդարանի Անօրինական գաղտնալսումների ուսումնասիրությունների հանձնաժողովի անդամ, հայտնել է, թե խորհրդարանից 2 կմ հեռավորության վրա տեղակայված զինվորական մի կետից ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնալսում է Թուրքիայի խորհրդարանը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ում են գաղտնալսում։
Պատգամավորը նշել է, որ տվյալ հարցով դիմել է ոստիկանության հետախուզության վարչությանը, ժանդարմերիայի հետախուզության վարչությանը եւ Ազգային հետախուզության ծառայությանը, սակայն ոչ դրական ոչ էլ բացասական պատասխան չի ստացել։ Նա շեշտել է, թե այդ թեման բերելու է խորհրդարանի օրակարգ։




























