Չեմ կարծում, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ վերջերս սկսված հաշտեցման գործընթացը կարող է հեռանկար ունենալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դա պայմանավորված է Թուրքիայի վարչապետի Ռեջեբ Էրդողանի կտրուկ հայտարարություններով այն մասին, թե նրան չեն գոհացնում իսրայելական կողմի զիջումները, ինչպես նաեւ լրացուցիչ պահանջներ ներկայացնելը:

Ի պատասխան հարցի, թե ամերիկյան դիվանագիտությունը մտադիր է ձեւավորել միասնական թուրք-իսրայելական ճակատ ընդդեմ Սիրիայի կառավարության, նա նշեց. «Իրականում փորձ է արվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բացասական կերպարն օգտագործել Թուրքիային եւ Իսրայելին հաշտեցնելու համար: Սակայն վերջին շրջանում Թուրքիայում ուժեղացել է իսլամական ուժերի ազդեցությունը»:

«Քանի որ Թուրքիայում իսլամական ուղղության առաջնային նպատակը պաղեստինյան արաբների  եւ Իսրայելին ներկայացվող նրանց պահանջների պաշտպանումն է, ապա Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող հակասությունները մոտ ապագայում ավելի կխորանան»,-ընդգծեց քաղաքագետը` նշելով, որ դա զսպելու համար ամերիկյան կողմը սիրիական գործոնն է օգտագործում:

Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան մտադիր է հօգուտ իսլամիստների հանդես եկող Իրանից եւ Սաուդյան Արաբիայից խլել առաջատարի դիրքերը:  NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե Թուրքիայում ստեղծված իրավիճակն ավելի մեծ կարեւորություն է ներկայացնում Իսրայելի համար, քան հակառակը, նա նշեց. «Իսրայելը շրջապատված է ոչ բարեկամական արաբական երկրներով, եւ ակնհայտ է, որ  թուրք-իսրայելական հարաբերությունների թեկուզ  ոչ թշնամական բնույթը չափազանց կարեւոր է Իսրայելի համար»: Քաղաքագետի համոզմամբ, Թուրքիան այսօր վերանայել է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները  եւ ԵՄ անդամությունն առաջնահերթ խնդիր չի դիտարկում, հետեւաբար, Թուրքիայի վրա Իսրայելի ազդեցության հնարավորությունները նկատելիորեն նվազել են:

Հիշեցնենք, որ մարտի 22 –ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ ափսոսանք էր հայտնել «Մավի Մարմարայի» դեպքերի հետ կապված: Կողմերը պայմանավորվել էին հարաբերությունների կարագավորման վերաբերյալ: