ԱՄՆ-ի 50 նահանգներից ավելի քան 35 հազար մեծահասակներ եւ երեխաներ երկուշաբթի ժամանել էին Սպիտակ տուն` Զատկի ձվեր գլորելու ավանդական 135-րդ  արարողությանը մասնակցելու, հայտնել է  USA Today թերթը:

Նշվում է, որ տոնի մասնակիցներն ընտրվել են հատուկ վիճակահանությամբ: Հանդիսությանը մասնակից մեծահասակներին եւ երեխաներին հնարավորություն է ընձեռվել ունկնդրել կենդանի երաժշտություն, պարել, մասնակցել Զատկի ձվեր գլորելու արարողությանը: Երեխաներին առաջարկվել է նաեւ գրքերի ընթերցանություն ունկնդրել, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Երեխաների համար մեկ ստեղծագործություն անձամբ ընթերցել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նշվում է, որ գիրքը նա անձամբ է ընտրել` ԱՄՆ հայտնի մանկական այբբենարան` «Չիկա, չիկա, բում, բում» վերնագրով:  Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան վեբ կայքով:
«Եթե դուք կարողանում եք կարդալ, ձեր առաջ ամբողջ աշխարհ է բացվում», - երեխաներին ասել է նախագահը` ավարտելով գրքի ընթերցանությունը:

Սպիտակ տան առաջ Զատկի ձվեր գլորելը ԱՄՆ-ում Զատկի ավանդական արարողություններից է: