Վենեսուելայում այսօր մեկնարկում է նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որի անհրաժեշտությունը ծագել էր մարտի 5-ին նախագահ Ուգո Չավեսի մահից հետո: Ազգային ընտրական խորհուրդը ընտրությունները նշանակել է ապրիլի 14-ին եւ քարոզարշավի համար սեղմ ժամկետ սահմանել՝ ապրիլի 2-ից մինչեւ 11-ը, հայտնում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իշխող միասնական սոցիալիստական կուսակցությունից առաջադրվել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն:
Նրա հիմնական մրցակիցը կդառնա ընդդիմադիր դեմոկրատական դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, որը նախորդ տարվա հոկտեմբերին արդեն պայքարել էր պետության ղեկավարի պաշտոնի համար: Այն ժամանակ 55% ձայն հավաքելով վերընտրվել էր Չավեսը, Կապրիլեսը ստացել էր քվեարկողների ձայների 44 %-ը:
Մադուրոն առաջին անգամ է առաջադրվել եւ խոստանում է շարունակել բոլիվարյան հեղափոխության գործը եւ պահպանել 14 տարի երկիրը ղեկավարած Չավեսի սոցիալական ձեռքբերումները: Կապրիլեսն իրեն անվանում է «պրոգրեսիստ» եւ այնպիսի պետության կողմնակից, որը կառավարում, բայց չի վերահսկում քաղաքացիներին:




























