Հայաստանում բացակայում է oրենքների կիրառման մշակույթը։ Այս մասին հունիսի 24-ին ԵԽԽՎ նիստի քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը։
Ըստ նրա, չնայած այն բանին, որ անհրաժեշտ փոփոխություններ էին կատարվել ընտրական համակարգին վերաբերող օրենքում, մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ կեղծիքների և քվեաթերթիկների լցոնման մեղադրանքները չեն հանվել։ Հասարակությունում դեռևս բացակայում է ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը։ «Դա շատ բարդ է, և անկասկած խնդիրը օրենքները գործնականում կիրառելու մշակույթի ձեւավորելն է, և մենք մտադիր ենք շարունակել այդ ոլորտում պարտավորությունների կատարման մոնիտորինգը»,- ամփոփեց զեկուցողը։
Միաժամանակ Փրեսկոտը հայտարարեց, որ Հայաստանը զգալի քայլ է կատարել օրենսդրական դաշտի վերակազմավորման և ԵԽԽՎ պահանջների կատարման ճանապարհին։ «Աշխատանքն արվել էր ոչ 100 տոկոսով , սակայն Հայաստանի իշխանությունները զգալի քայլ են կատարել Վեհաժողովի պահանջների կատարման գործում»,- նշել է նա։ Թվարկելով այն միջոցները, որոնք ձեռնարկել է Հայաստանը, որպեսզի համապատասխանի Վեհաժողովի պահանջներին, Պրեսկոտը նշեց. «Փոփոխություններ են կատարվել օրենքում, ազատ են արձակվել մարտյան իրադարձությունների հետևանքով դատապարտված անձինք»։ Պրեսկոտը մտահոգություն հայտնեց այն առիթով, որ փորձագիտական անկախ խմբում ծագած տարաձայնությունները հանգեցրին խմբի լուծարմանը և հետագա աշխատանքներից խմբի ղեկավարի հրաժարվելուն։ «Դա ցավալի է, քանի որ շատ կարևոր է, որպեսզի արյունահեղության և 10 մարդու մահվան պատճառ դարձած փաստերի քննությունը կատարվի հենց անկախ հետաքննությամբ։ Այնուամենայնիվ, ներկայումս գործում է մարտի 1-ի և 2-ի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովը, որին էլ փոխանցվել են անկախ խմբի հավաքած փաստերը»,- նշեց զեկուցողը։ Նա հայտնեց, որ դատել կատարված աշխատանքի մասին կարելի կլինի միայն այս տարվա սեպտեմբերին հանձնաժողովի ներկայացրած հաշվետվությունից հետո։



























