Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ավարտվել են Շվեյցարիայի զարգացման գործակալության (ՇԶԳ) հետ իրականացվող «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրով հրահանգիչների վերապատրաստման դասընթացները։

Աշխատանքներ են տարվում մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծելու եւ տարածքային ստորաբաժանումներն անխափան ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ։

ԱԻ նախարարը հանձնարարել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Գառնիի դիտարանի վերագործարկման եւ Բալահովիտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառուցման հարցերը։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Հ. Մաթեւոսյանը զեկուցել է, որ Լուսակերտի ուսումնական բազայում շարունակվում են վերանորոգման աշխատանքները։ Ակադեմիայի ուսանողների եւ գործող հրշեջ-փրկարարների համար այնտեղ ստեղծվում են գործանական պարապմունքներ ու վարժանքներ անցկացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները (երկաթուղային եւ ավիավթարի վարժահրապարակներ, լսարաններ, հյուրանոց, լողավազան, մարզադաշտ եւ այլն)։

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը գնդապետի կոչում է շնորհել ԱԻՆ նվագախմբի ղեկավար Մանվել Ութուջյանին` ընդգծելով, որ նա նվագախմբի հիմնադիրներից է եւ մեծ ներդրում ունի դրա կայացման գործում։

Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` 2012 թ. ընթացքում ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման, տեղի ունեցած դեպքերի օպերատիվ արձագանքման ընթացքում դրսեւորած կամային բարձր հատկանիշների, մարտական ու մասնագիտական պատրաստության ուղղությամբ ունեցած հաջողությունների, ինչպես նաեւ գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար օպերատիվ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Հայկ Եղիազարովը պարգեւատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն», իսկ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Մելսիկ Դալլաքյանը` «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներով։