«Ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Իրանը սատարել ու սատարելու է»,- փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, նշեց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին:

«Մենք միշտ կարեւորել ենք, որ մեր հարեւանները, այս դեպքում Հայաստանը, կարգավորի հարաբերություններն իր հարեւան երկրների հետ, ընդ որում ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ, եւ մենք կաջակցենք այդ գործընթացներին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ ցանկացած լարվածության թուլացում տարածաշրջանում ի նպաստ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Նա նաեւ հավելեց, որ Իրանը լավ հարաբերություններ ունի բոլոր հարւան երկրների հետ եւ ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի:

Դիտարկմանը, թե Իրանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այդ պարագայում ինչպե՞ս է պատրաստվում միջնորդ լինել ԼՂ խնդրի կարգավորման հարցում, որի պատրաստակամությունը նա միշտ հայտնել է, Սաղայանին արձագանքեց. «Ղարաբաղյան հակամարտությունը երկար պատմություն ունի եւ Իրանը մեծ ջանքեր է դրել հրադադարի հասնելու հարցում: Իրանը մշտապես կողմ է եղել, որ խնդիրը լուծվի հակամարտության կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կողմ է նաեւ, որ խնդիրը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում»: