Ղրղզստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափորոշիչներին և կազմակերպության առաջ ստանձնած առանցքային պարտավորություններին: Այդ մասին Բիշքեկում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել են նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ ներկայացուցիչները: Նրանց գնահատմամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ղրղզստանի իշխանություններն օգտագործել են ադմինիստրատիվ ռեսուրս և մասնակիորեն ճնշել են ընտրողներին:

«Նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին», — ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության համակարգող Կոնսիլյո Դի Նինյոն: Նրա խոսքով, իրենք «հիասթափված են» անցկացված ընտրություններով և մատնանշել է մի շարք խախտումներ, որոնք ապացուցում են իշխանության թեկնածուի առավելությունը` մյուս թեկնածուների համեմատ: