Թուրքիայում շարունակվում են ի հայտ գալ Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալումից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները։

Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալությունից հետո Թուրքիայի «Դատախազների եւ դատավորների գլխավոր խորհուրդը» մի հրամանով դադարեցրել է գլխավոր դատախազին ձերբակալելու հրաման արձակած Էրզրումի հատուկ իրավասության դատարանի բոլոր 4 դատախազների իրավասությունները։ Թուրքիայի արդարադատության նախարարը, քննադատելով խորհրդի որոշումը, ստիպված եղավ նոր դատախազներ նշանակել, սակայն վերջիններս կանգնեցին միանգամից 600 դատական գործի առաջ, որոնցից 25-ը հատուկ կարեւորության գործեր են։ Նոր դատախազները անակնկալի են եկել նման քանակության լուրջ գործերի հանդիպելով։ Հիշյալ գործերի մեջ է նաեւ մեկ ամիս առաջ ձերբակալված Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի գործը, ում մեղադրում են PKK-ի հետ կապեր ունենալու մեջ։

Նշենք, որ ձերբակալված Էրզինջանի գլխավոր դատախազի գործը արդեն հանձնվել է Ստամբուլի դատարան եւ կցվելու է «Էրգենեկոնի» գործին։