Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը երեկ հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի հետ քննարկում են մեկ պետության շրջանակում միություն կազմելու, միասնական մաքսային գոտում ընդգրկվելու հարցերը: Նշենք, որ նա երեկ ավարտել է իր այցելությունը Ռուսաստան:

«Մենք անկախ պետություն ենք, մենք դրանից չենք կարող փախչել, սակայն մենք քննարկում ենք նաեւ Ռուսաստանի հետ մեկ պետության շրջանակներում միություն կազմելու, միասնական մաքսային գոտում ընդգրկվելու հարցերը, այդ բոլոր տարբերակները մենք քննարկում ենք», — «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սերգեյ Բաղապշը, ով իր ընտրվելուց հետո առաջին այցելությունն էր կատարում Մոսկվա:

Նշենք, որ մոսկովյան հանդիպումների գլխավոր թեման, որը հարուցեց Վրաստանի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դժգոհությունը, Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրված` Աբխազիայի տարածքում «Միավորված ռուսաստանյան ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ» երկկողմ համաձայնագիրն էր: Աբխազիայի նախագահը շեշտել է, թե ռուսական ներկայությունը աբխազներին անհրաժեշտ էր «վրացիների հետ պատերազմից հետո` 90-ականների սկզբին կորցրած անվտանգության զգացողությունը վերագտնելու համար»:

«Աբխազիային ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է նրա համար, ինչի համար, օրինակ՝ ՆԱՏՕ-ին այն անհրաժեշտ է Կոսովոյում: Ինչի՞ համար են եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ դառնում. որպեսզի հանգիստ ապրեն, իրենց անվտանգությունն ապահովեն», — ընդգծել է Բաղապշն ու հավելել. «Մենք վերջին շրջանում շատ ենք պատերազմել եւ հիմա ցանկանում ենք մեր ընկերների հետ հանգիստ եւ կայուն կյանք ունենալ»:

Նկատենք, որ դեռ ռուս-վրացական պատերազմից հետո շատ վերլուծաբաններ հայտարարում էին, որ Աբխազիան ու Հարավային Օսիան ոչ թե անկախանում են, այլ դառնում են Ռուսաստանի մի մասը, որը իրավական ձեւակերպում կստանա ժամանակի ընթացքում: Հիմա կարծես այդ գործընթացը թափ է հավաքում: