Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանից, Հանձնաժողովը քննարկել եւ մերժել է դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքի ենթարկված «Վագաֆարմ» ընկերության վարչական բողոքը` որոշումն ընկերության մասով չեղյալ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, հակամրցակցային համաձայնությունը կայացել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ դրսեւորվել է սիրտ անոթային, հակավիրուսային եւ շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գների, որոշակի ժամանակահատվածում, տնտեսական որեւէ գործոնով չհիմնավորված բարձրացմամբ:

«Վագաֆարմը» հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որի տուգանքի չափը կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ (ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, ինչպես նախատեսված է օրենքով): Ընկերության վարչական բողոքում նշված հակափաստարկներն անհիմն համարելով՝ Հանձնաժողովը մերժել է այն, տուգանքի որոշումը թողնելով անփոփոխ:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` կարճվել է նույն հակամրցակցային համաձայնության համար տուգանված «Ալֆաֆարմ» ընկերության (տուգանքի չափը` ավելի քան 113 միլիոն դրամ) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, քանի որ ընկերությունն ակտը (Հանձնաժողովի որոշումը) միաժամանակ բողոքարկել է թե՛ Հանձնաժողովին, թե՛ դատարան: Այդպիսի դեպքերում վարչական մարմնում ակտը ենթակա է կարճման եւ քննության ենթակա` դատարանում:

Նշենք, որ Հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում` www.competition.am, տեղադրվել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների դիտարկման եւ միջազգային շուկաներում դրանց դինամիկայի վերլուծությունները: