Այսօր` փետրվարի 19-ին «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Իմ` Սարիբեկ Սուքիասյանիս նկատմամբ այսօր առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քր. օր. 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով:
Ես հրաժարվել եմ որևէ փաստաթուղթ ստորագրել և ծանոթանալ, քանի որ դրանք բոլորը անհիմն են, որովհետև քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է և մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են:
Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվում նաև մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող խլել մեր ունեցվածքը և կոտրել մեր կամքը:
Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները:
Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»:
Նշենք, որ այսօր Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել անձին ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով, իսկ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին բացի այդ մեղադրանքից առաջադրվել է նաեւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանք:
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին եւ Արտաշ Ստեփանյանին ձերբակալել են փետրվարի 12-ին՝ մեղադրելով մահվան սպառնալիքի տակ անձից ստորագրություն կորզելու մեջ: Հատուկ ջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ կոտրելով դռները, բերման ենթարկել Սուքիասյանին:
Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



















