Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում եղած իրավիճակով։ Երկրում լրագրողները եւ այն մարդիկ, ովքեր իրացրել են իրենց ազատ արտահայտվելու իրավունքը՝ կասկածելի շարժառիթներով դատապարտված են։ Ադրբեջանական Turan գործակալության հաղորդմամբ, այս մասին նշվում է Եվրամիության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ, որպես տիրող իրավիճակի վառ օրինակ, բերվում է «Գյունդելիկ Ադրբեջան» («Իրական Ադրբեջան») թերթի նախկին գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի ձերբակալությունը, ով 2007 թվականին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ թեեւ Ֆաթուլաեւն արդեն դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 2009 թվականի դեկտեմբերի 31-ին նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ մասնակցել Եվրադատարանի քննությանը եւ կատարել դատարանի որոշումը։
Եվրամիությունը հիշեցնում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 2009 թվականի նոյեմբերի 19-ի զեկոըյցը, որտեղ խոսվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների եւ լրատվամիջոցների ազատության իրավիճակի մասին։
«Եվրամիությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձած պարտավորությունները եւ լրագրողներին ու լրագրությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ հարուցված իրավական գործընթացներն իրականացնել արդար ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», ասված է Եվրամիության հայտարարության մեջ։



















