Այսօր՝ փետրվարի 19-ին Երեւանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած հերթական երթի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ:
Այսօրվա երթը, որ ընթանում էր «2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների դեմ» կարգախոսով, Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում խոչընդոտվել է ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների կողմից: Մասնավորապես՝ ոստիկաններն արգելել են առաջ շարժվել, եւ մարտի 1-ի զոհերի ծնողներն ու երթի մասնակիցները, ի նշան բողոքի, նստել են գետնին: Այդ ժամանակ էլ երթի մասնակիցների վրա են հարձակվել ոստիկանության կարմիրբերետավորները եւ ծեծի ենթարկել երթի մասնակիցներին: Ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Վահագն Գեւորգյանին՝ «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդուն, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նրա գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Այս պահին երթը շարժվում է Հանրապետության հրապարակով: Ընդդիմության ներկայացուցիչները շարժվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կեղծված ընտրությունների կապակցությամբ:




























