Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայության, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության, եւ Բրիտանական խորհրդի միջեւ։
NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս՝ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանն ասաց, որ երեք տարվա ընթացքում մի շարք ուղղություններով աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում բարելավվել է միգրացիայի մասին օրենսդրական դաշտը, մշակվել է միգրացիայի մասին հայեցակարգը, ստեղծվել են թրաֆիքինգի մասին պատմող ֆիլմեր, ինչպես նաեւ արդեն գործում է «backtoarmenia.com» կայքը, որտեղ Հայաստանից մեկնելու նպատակ ունեցողները կարող են ծանոթանալ երկրների միգրացիոն օրենսդրությանը։ «Կայքը ամսական 14 հազար այցելու ունի արդեն, որոնց մի զգալի մասը մեր արտասահմանի հայրենակիցներն են նաեւ։ Սա վկայում է, որ կատարված աշխատանքը անարդյունք չէր, եւ մարդիկ արդեն օգտվում են կայքից, ու իմանում միգրացիայի հետեւանքների մասին»,- նշեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում միգրացիայի հարցերով զբաղվող կենտրոնացված մարմին է ստեղծվել՝ ի դեմս Միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաեւ գերատեսչություններն են սկսել միմյանց հետ համագործակցել։
Նա նաեւ ընդգծեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկարատեւ ծրագիրը եզակիներից է, որի իրականացումը վստահվել է հայաստանյան հասարակական կազմակերպությանը։
Ամփոփիչ գնահատական տալով կատարված աշխատանքին՝ Պողոսյանը նշեց, որ ծրագրի արդյունքում հասել են նպատակին։ Հայաստանից մեկնել ցանկացողներն այսօր շատ ավելի տեղեկացված են միգրացիայի վտանգներին եւ երկրներում գործող օրենքներին ու, հետեւաբար, իրենց շատ ավելի պաշտպանված են զգում, քան երեք տարի առաջ։




























