Երեւանում ոստիկանությունը կրկին բռնություն է գործադրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ:

Երբ երթն արդեն ավարտվելիս է եղել Կորյուն փողոցում, ՀԱԿ-ի գրասենյակի մոտ երթի մասնակիցների վրա են հարձակվել ոստիկանության կարմիրբերետավորներն ու դաժան ծեծի ենթարկել ԱՀԿ ակտիվիստներին:

Ոստիկանները ձերբակալել եւ ոստիկանության բաժին են տեղափոխել ընդդիմության վեց ակտիվիստների՝ Արեգ Գեւորգյանին, անչափահաս Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վահագն Գեւորգյանին, Վարագ Նահապետյանին եւ Տիգրան Առաքելյանին՝ նրանց դաժան ծեծի ենթարկելով ոստիկանական մեքենաների մեջ: NEWS.am-ի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին, որ առողջական լուրջ խնդիրներ ուներ, հենց ոստիկանական բաժնից տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես միշտ, ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում աչքի է ընկել ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, որն էլ հենց իր ենթականերին հրահանգել է ծեծի ենթարկել ցուցարարներին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի այսօրվա երթն ընթանում է « Ընդդեմ 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների» կարգախոսով: Մի քանի ժամ առաջ էլ Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանները հարձակվել էին երթի մասնակիցների վրա եւ ծեծի ենթարկել մի քանի ակտիվիստների: