Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգում փետրվարի 19-ին կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ քուրդ ցուցարարների միջեւ:

Firat գործակալության փոխանցմամբ` քրդերի բողոքը կրկին կապված է եղել 11 տարի առաջ փետրվարի 15-ին PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման տարելիցի հետ:

Ցուցարարները փողոցներում բարիկադներ են կառուցել եւ վանկարկել «Ահաբեկիչ Թուրքիայի հանրապետությունը», «Կորչի ֆաշիզմը», «Կեցցե PKK-ն» եւ «Կեցցե Ապոն» (Օջալանի կեղծանունն է) կարգախոսները:

Ոստիկանության մեծաթիվ ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են գազային ռումբեր: Ցուցարարները ոստիկանության գործողություններին պատասխանել են քարեր եւ բոցավառվող շշեր նետելով:
Ոստիկանության կողմից արձակած գազային ռումբը ընկել է դպրոցի բակ, որտեղ դասամիջոցի դուրս եկած որոշ աշակերտներ վնասվածքներ են ստացել: