«Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, փետրվարի 20-ին Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ ելույթ ունենալով ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջույնի խոսքում Բակո Սահակյանը, մասնավորապես նկատել է. «1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեր ազգային վերազարթոնքի սկիզբը: Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր բնական իրավունքը` միջազգային հանրության կողմից ընդունված համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արյունալի պատերազմով, որը դարձավ բազում մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ»:
Ըստ ԼՂՀ նախագահի՝ «Արցախի հերոսական ժողովուրդը համայն հայության հետ ձեռք-ձեռքի տալով՝ կարողացավ դիմակայել բոլոր փորձություններին եւ բռնեց ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն»:
«Մենք խորապես համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջական երկխոսության միջոցով: Այնինչ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի: Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»,- նշել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ առջեւում են ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք անչափ կարեւոր քաղաքական իրադարձություն են մեր ժողովրդի կյանքում. «Եվ բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները եւս անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ մեկ քայլ առաջ տանեն մեզ Արցախի կայուն ու բարեկեցիկ ապագան կերտելու ճանապարհին»:




























