«Գրուզիա օնլայն» պարբերականի հեղինակ Գելա Վասաձեն «Smart power դարաշրջանի կովկասյան իրողությունները» հոդվածում վերլուծում է իրավիճակը կովկասյան տարածաշրջանում օգոստոսյան պատերազմից եւ ԱՄՆ-ում Բարաք Օբամայի հաղթանակից հետո: Հոդվածում նշվում է, որ այդ նոր իրողությունները պահանջում են Վրաստանի առջեւ ծառացած խնդիրների նոր, արմատական մոտեցումներ:

«Բացարձակ անտաղանդ արտաքին քաղաքականության եւ ազգերի պառակտման հին, ԿԳԲ-ական միջոցներին նվիրվածության արդյունքում Կրեմլն իր համար որեւէ շանս չի թողել Վրաստանում ազդեցությունը վերականգնելու: Բավական է նայել աշխարհագրական քարտեզին՝ հասկանալու, որ առանց Վրաստանի վրա վերահսկողության՝ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում թեկուզ չնչին ազդեցություն ունենալու Ռուսաստանի նկրտումները ձախողված են»,- գրում է Վասաձեն: Նրա կարծիքով, նախագահ Բարաք Օբաման, որ պատրաստ է ցանկացած հարցում պայմանավորվել ռուսական ղեկավարության հետ, հստակ գծել է կարմիր գիծը: «Օբամայի խոսքերը, Բայդենի այցը, ռազմավարական գործընկերության խորացումը վկայում են, որ ինչ սկզբունքների մասին էլ խոսի Միացյալ Նահանգների նախագահը, անակոնդայի մակինդերյան ռազմավարությունը մնում է առաջնային»,- համոզված է հեղինակը: Նա կարծում է, որ այդ փաստը երաշխիք է տալիս, որ «Ռուսաստանի ագրեսիան կկանգնեցվի, եւ Ռուսաստանին թույլ չեն տա ոչ պառակտել Վրաստանը, ոչ էլ այնտեղ խամաճիկային վարչակազմ հաստատել»:

Այնուհետեւ հեղինակը վերլուծում է Վրաստանի հնարավորությունները վերադարձնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա ունեցած վերահսկողությունը, եւ փաստորեն հանգում այդ հնարավորությունների բացակայությանը: Տարածաշրջանի զարգացման տարատեսակ սցենարների փնտրտուքում հեղինակը հանգում է Թբիլիսի կենտրոնով Կովկասյան դաշնություն ստեղծելու տարօրինակ գաղափարին: Հարկ է ընդգծել, որ այդ գաղափարի օգտին որոշ ակնարկներ էր արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ինչպես արդեն հաղորդել էր NEWS.am-ը, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանի ուսանողների առջեւ՝ Վրաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. «Կովկասյան պետությունները չպետք է հենվեն գերտերությունների աջակցության վրա, քանի որ նրանք հետապնդում են իրենց շահերը: Կովկասը միացյալ տարածաշրջան է, եւ պետք է միավորվի տնտեսական կայունության եւ անվտանգության հասնելու համար: Դա կլինի ավելի շուտ, քան մտածում են շատերը: Խաղաղության եւ Կովկասում միասնականության հասնելու միակ խոչընդոտն այն ընդունված կարծիքն է, թե կովկասցիների գլխավոր թերությունը ոչ բավարար օրինապաշտությունն է, նաեւ փաստը, որ կովկասյան պետությունները հաջողությամբ խաղում են արտաքին ուժերի ձեռքին: Սակայն, այսօր „բաժանիր, որ տիրես“ սկզբունքն արդեն արդիական չէ, եւ դրա դեմ պետք է պայքարել, որ արդեն 21-րդ դարում Կովկասը դառնա բարգավաճ եւ հաջողակ տարածաշրջան»: Այսպիսով, կարելի է շեշտել որ Կովկասի ինտեգրացումը Վրաստանի գերիշխող դերակատարմամբ, դարձել է վրացական քաղաքական կուրսի արդիական հարցը:

Այդ համատեքստում Վասաձեն շարունակում է. «Վրացիները ամենամեծ կովկասյան ժողովուրդն են, եւ կովկասցիների միավորումը՝ ինչպես մշակութային-տնտեսական, այնպես էլ քաղաքական, անհնար է պատկերացնել առանց նրանց մասնակցության: Կովկասյան ժողովուրդների հնագույն սիմվոլը՝ գայլը, միակը չէ, որ կարող է եւ պետք է մեզ միավորի: Խոսքն ամենեւին էլ միացյալ պետության մասին չէ։ Բայց Եվրամիության օրինակով քաղաքական, տնտեսական եւ մշակութային միասնությունը կարող է բավարար չափով ապահովել կովկասցիների մրցունակությունը ողջ աշխարհում։ Բացառված չէ, որ հեռանկարում այդ միությանը միանան նաեւ Ադրբեջանն ու Հայաստանը: Կրկնում եմ, խոսքը գնում է պատմական հեռանկարի մասին, որին պետք է արդեն այսօր պատրաստվել: Այդ հարցի կարեւորությունը շատ լավ էր հասկանում Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: Նա վատ քաղաքական գործիչ էր, բայց պատմական հեռանկարի չգիտակցման մեջ նրան չի կարելի մեղադրել: Ջոհար Դուդաեւի հետ նրա բարեկամությունը համակովկասյան տան հիմքերը դնելու առաջին, փոքր-ինչ միամիտ փորձն էր»:

Կովկասյան ժողովուրդների միասնականության գիտակցման միակ լուրջ խոչընդոտը, հեղինակի կարծիքով, տարածաշրջանի ժողովուրդների կրոնական բազմերանգությունն է: «Դա մեկն է պատճառներից, իսկ այդպիսիք բազմաթիվ են, թե ինչու պիտի քեմալական Թուրքիայի օրինակով՝ բացարձակ աշխարհիկ պետություն ստեղծենք, որտեղ կրոնը խստորեն տարանջատված է պետությունից եւ յուրաքանչյուրի մասնավոր գործն է: Ես չէի ցանկանա, որ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվեր, թե ես երազում եմ Հյուսիսային Կովկասում նոր պատերազմի մասին: Դա այդպես չէ, հենց միայն այն պատճառով, որ այդ պատերազմը խիստ փորձություն կդառնա եւ իմ երկրի համար: Բայց, միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը անխուսափելիորեն վաղ թե ուշ կհեռանա Կովկասից, քանի որ նա օտար է: Այդ պահին կովկասյան ժողովուրդները պետք է ժամանակակից, քաղաքակիրթ պետության օրինակ ունենան, եւ մեր պարտքն է ստեղծել այդպիսի պետություն»,- եզրակացրել է Գելա Վասաձեն:

NEWS.am –ը հիշեցնում է, որ նման գաղափարը վրացիների ուղեղում առաջին անգամ չի ծագում։ Դեռեւս ոչ վաղ անցյալում, ընդամենը 90 տարի առաջ, երբ կովկասյան ազգերը, այդ թվում հայերն ու վրացիները Ռուսական կայսրության փլուզման արդյունքում ակամա ազատագրվեցին ու անկախացան, որոշվեց ստեղծել Անդրֆեդերացիա կոչվող մի ընդհանուր պետություն, որը շատ կարճ կյանք ունեցավ, քանզի դրա մեջ ընգրկված ազգությունները՝ հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները լուրջ տարաձայնություններ ունեին ազգային կարեւոր խնդիրների շուրջ։ Հողային վեճերի պատճառով ընդհարումներ սկսվեցին Վրաստանի ու Հայաստանի միջեւ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցան հայ ազգաբնակչության զանգվածային ջարդեր, ադրբեջանական զորքերը փորձում էին տիրանալ Ղարաբաղին ու Զանգեզուրին։ Ըստ երեւույթին վրացիները, լավ հասկանալով, որ նման ճակատագիր ունեցած պետական միավորը վերաստեղծելն անհավանական բան է, փորձում են Օստապ Բենդերի գործելաոճով՝ լրացուցիչ դոլլարներ պոկել ամերիկացիներից՝ «համակովկասյան հեղափոխության համար»։