Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել ավելի շատ կայուն, քան՝ անկայուն, սակայն միանշանակ է, որ երկրում կա հասարակության շերտ, որն իր անհամաձայնությունն է հայտնում նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

«Հարցն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում եւ ներկայացնելու ընդդիմությունը եւ ինչպես է իրեն պահելու առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով իր բազմաշերտությունը: Մի կողմից կա քաղաքական գործիչ, ով ընդդիմության այլ ներկայացուցիչների, ինչպես նաեւ ընտրազանգվածի մի մեծ հատվածի կամքով հանդես է գալիս ընդդիմության նոր ծանրության կենտրոնի դերում: Բայց դա ներկայումս ամբողջական աջակցություն չի գտնում այդ թվում նաեւ այն ընտրազանգվածի մոտ, ով իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այդ տեսանկյունից նախագահահան ընտրություններում ստացված ձայների կապիտալիզացիայի խնդիր կա»,-ասաց Մարկարովը:

Նրա խոսքով՝ երկրում զգալի ներքաղաքական խնդիրները չեն սպասվում, թեեւ գոյություն ունի ակտիվ քաղաքացիների մի զգալի հատված, ովքեր տարբեր գործողություններ են իրականացնում Շարփի «Բռբնապետությունից ժողովրդավարություն» գրքույկի համաձայն, որտեղ պայքարի տարբեր մեթոդներ են առաջարկվում՝ հացադուլ, դասադուլ եւ այլն:

Հարցին, թե ինչու այլ ընդդիմադիր ուժեր, ովքեր եւս չեն մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, չեն միացել ապրիլի 9-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ակցիաներին, Մարկարովը չբացառեց նրանց եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տարաձայնությունների առկայությունը: «Նաեւ բացառված չէ, որ նրանք չեն հավատում «Ժառանգության» առաջնորդի՝ նպատակներին հասնելու հնարավորությանը: ՀԱԿ-ի մեծ մասը Հովհաննիսյանի պայքարը դիտում է որպես նրա անձնական պայքարը, ՀՅԴ-ն այդ պայքարը դիտում է այլ տեսանկյունից՝ խոսելով երկրում առկա խնդիրներից եւ դրանք լուծելու անհրաժեշտությունից»,-ասաց նա, հավելելով, որ շատերը կցանկանային օգտվել «հեղափոխության» պտուղներից, սակայն հասկանում են, որ «պտուղներ» չեն լինելու: