Հատուկ Քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից 1,5 տարի հետո, վերջապես, քրեական գործ է հարուցել կապված այդ օրը ոստիկանության աշխատակիցների կողմից դիտավորյալ, իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ իրականացնելու հետ` զուգորդված բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով:

Նշենք, որ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները պատկերող տեսանյութեր կան մարտի 1-ի հանձնաժողովին տրամադրված տեսանյութերում:

Այս կապակցությամբ, Հատուկ Քննչական ծառայությունը նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով այսօր դիմել է բնակչությանը. «Ովքեր ականատես են եղել նշված միջադեպերին կամ ճանաչում են կադրերում պատկերված անձանց, տուժել են ոստիկանության աշխատակիցների գործողություններից կամ տեղեկություններ ունեն, խնդրում ենք հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, տուժած և ականատես անձանց օրենքով նախատեսված պաշտպանությունը երաշխավորվում է»: ՀՔԾ-ն նաեւ հրապարել է հեռախոսահամարը` Հեռ. 511-601:

Նշված տեսանյութում կան կադրեր, որոնցում վահաններով և մահակներով զինված ոստիկանության մի խումբ աշխատակիցներ Հանրապետության հրապարակում վազում են քաղաքացիական հագուստով անձանց հետևից, այնուհետև հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածում նրանցից մեկին, քարեր նետում հեռացող մարդկանց ետեւից: Մեկ այլ դրվագում` ոստիկանության աշխատակիցը բռնություն է գործադրում քաղաքացիական երկու անձանց նկատմամբ` Մաշտոցի պողոտայի շուկայի մոտից նրանց բերման ենթարկելու եւ «Վազ 2121» մակնիշի բաց գույնի ավտոմեքենան նստեցնելու ընթացքում: