Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն նախապատրաստվում են հաջորդ ուրբաթ կայանալիք բողոքի գործողությանը, իսկ «ոստիկանության կողմից նրանց նկատմամբ երեկ՝ փետրվարի 19-ին գործադրած բռնարարքները որեւէ կերպ չեն ընկճել նրանց մարտական տրամադրությունը»:
ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Գեւորգյանը, որին մի քանի այլ ակտիվիստների հետ միասին երեկ բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանատուն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «ոստիկաններն իրենց բացահայտ ապօրինի կերպով են բերման ենթարկել»:
«Ոստիկանները մեզ խփել են, հարվածել են: Բերման չեն ենթարկել, այլ ուղղակի առեւանգել են: Մենք այդ մասին նշել ենք նաեւ ոստիկանությունում, տեղեկացրել ենք Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանին, որ ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի»,- ասաց ՀԱԿ անդամն ու հավելեց, որ անկախ ամեն տեսակ բռնարարքներից, իրենք շարունակելու են պայքարը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 19-ին բռնություն էր գործադրել ՀԱԿ-ի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ եւ մի խումբ երիտասարդների բերման ենթարկել ոստիկանության բաժին: Երկու երիտասարդի՝ Սարգիս Խաչատրյանին եւ Տիգրան Առաքելյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:



















