Փետրվարի 19-22-ը անցկացվող «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Հետճգնաժամային զարգացման պայմաններում արդյունավետ մենեջմենթ» կլոր սեղանի ժամանակ քննարկում ծավալվեց Հայաստանում մենեջմենթի որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Գլխավոր զեկուցող, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի կարծիքով անհրաժեշտ է, կորպորատիվ կառավարման եւ մենեջմենթի ավելի աշխույժ ներդրում ընկերությունների կողմից: «Ճգնաժամից հետո նոր իրողություն է ստեղծվել. ակտիվանում են տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունները, այս պարագայում անհրաժեշտ է, որ Հայաստանը նույնպես ակտիվություն դրսեւորի»,- նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է աշխատի տրանսպորտային եւ հեռահաղորդակցության ոլորտում տարանցիկ երկիր դառնալու ուղղությամբ: Ըստ նրա` դա անհրաժեշտ է առաջին հերթին Հայաստանին, քանի որ հեռահաղորդակցության առումով Հայաստան մուտք գործող մալուխները միայն ապահովում են Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը: «Հայաստան 3 մալուխ է մուտք գործում, երկուսը Վրաստանից եւ մեկը Իրանից, սա բավարար չէ, որովհետեւ ուղիները երկուսն են, այսինքն` այլընտրանք չկա, եւ եթե մալուխների հետ ինչ-որ բան պատահի, Հայաստանը կկտրվի արտաքին աշխարհի հետ կապից»,- մտահոգություն հայտնեց բանախոսը` ավելացնելով, որ ինտերնետում նաեւ պետք է ավելացվի հայկական կոնտենտը, որն այսօրվա դրությամբ շատ փոքր է:

Քննարկման մասնակից «Web» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ինտերնետի սպառումը Հայաստանում ավելացել է, սակայն սպառողները ինտերնետն օգտագործում են ժամանցի համար, կա՛մ սոցիալական կայքեր են մտնում, կա՛մ ինտերնետից ֆիլմեր են բեռնում, որոնց հիմնական մասը պոռնոգրաֆիա է:

«Orange Արմենիա»-ի ներկայացուցիչը նշեց, որ ինտերնետի ծավալի օգտագործման առումով Հայաստանի սպառողները աշխարհում առաջատար դիրքերում են, ամսվա ընթացքում միջինը 7 ԳԲայթ ծավալ է օգտագործվում:
Ի. Կլիմկոն իր հերթին կարեւորեց պետության դերն այդ հարցում, քանի որ սպառողները շատ դեպքերում տեղյակ չեն, որ ինտերնետի միջոցով կարելի է բարելավել կրթության մակարդակը, իսկ այդ հարցում քաղաքացիները պետք է ուղղորդվեն պետական կրթական ծրագրերով: «Եթե պետությունը նման ծրագրեր իրականացնի, ապա ԱրմենՏելը պատրաստ է աջակցելու այդ ծրագրերին»,- նշեց բանախոսը: