«Ես 10 տարի ղեկավարել եմ կենտրոնական բանկը, եւ ինձ թվում էր՝ քաջատեղյակ եմ ֆինանսական ոլորտից, բայց երբ դարձա վարչապետ, հասկացա, որ դա այնքան էլ այդպես չէ, որ կան շատ գործոններ, որոնք հաշվի չեն առնում բանկիրները, իսկ իրականում այդ գործոններն էական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա»,- սրանք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն են՝ Յալթայում 2012 թ. սեպտեմբերի 29-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների համաժողովի ընթացքում:

Համաժողովի թեման եղել է «Ներդրումային նոր հնարավորություններ եւ ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը»: Կարծում ենք՝ վարչապետը համեստություն է արել՝ բանկիրները քաջատեղյակ են բիզնեսի խնդիրներից: Ուղղակի վարչապետի խոսքում արտացոլվել են այն խորը ինստիտուցիոնալ հակասությունները, որ կան մի կողմից բիզնեսի ու գործադիր իշխանության, մյուս կողմից՝ բանկային համակարգի միջեւ: Այն որ կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ինստիտուցիոնալ հակասություններ ունենան՝ բնական է, այդպես էլ պետք է լինի: Բայց բանկերի ու բիզնեսի միջեւ նման հակասությունները հաճախ արհեստական են, ու յուրահատուկ են միայն թույլ զարգացած համակարգերին, ինչիսին Հայաստանի տնտեսական ու ֆինանսական համակարգերն են:

Բոլոր քնարական զեղումները, թե Հայաստանի բանկային համակարգը օազիս է անապատում կամ խաղաղ նավահանգիստ փոթորկոտ օվկիանոսում՝ իրականության հետ առնչություն չունեն: Ավելի շուտ՝  բանկային համակարգը ջերմոցում աճեցված վարունգի նման է՝ հյութալի ու անհամ; Երկար ժամանակ այն զարգացել ու կայացել է պետական պարտատոմսերի բարձր տոկոսների հաշվին, այսինքն՝ բանկերի հարստության համար վճարել են բյուջեից;  Վերջին տարիներին, բարեբախտաբար, բանկային համակարգը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել տնտեսության վարկավորմանը՝ բիզնեսին առաջադրելով սահմանափակ ծառայություններ ու ծանր պայմաններ: «Բանկային խայտառակության» ամենավառ օրինակը 2009 թ. սկիզբն էր, երբ մեր բանկային համակարգը գրեթե 3 ամիս դադարեցրել էր բիզնեսի վարկավորումը: Ճգնաժամային իրավիճակներում հայտնված որեւէ այլ բանկային համակարգում նման բան տեղի չի ունեցել: Հայաստանի 14 տոկոսանոց անկման հիմնական մեղավորներից մեկն էլ հենց բանկային համակարգն էր:

Հիմա կառավարությունը սկսել է միջամտել բանկերի ու իրական հատվածի հարաբերություններին, ավելի ու ավելի հաստատակամորեն ուշադրություն հրավիրելով բանկերի կողմից առաջադրվող պայմաններին ու տոկոսադրույքներին: Դրա վառ օրինակ է բանկում գրավադրվող գույքի գնահատումը՝ Տ. Սարգսյանի կարծիքով այստեղ առկա է մրցակցության պակաս, իսկ գնահատող կազմակերպությանը պետք է ընտրի հաճախորդը, ոչ թե բանկը:

Կառավարությունը փորձում է նաեւ ազդել բանկային տոկոսադրույքների վրա՝ տարբեր խողովակներով բանկային համակարգ ներարկելով ֆինանսական ռեսուսրներ; Սակայն արդյունքներն այնքան էլ չեն գոհացնում բիզնեսին, որը խեղդվում է ֆինանսական մատչելի ռեսուրսների պակասից:

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ կենտրոնական բանկի քաղաքականությունը հաշվի չի առնում բիզնեսի շահերը: Այստեղ տեղին է համեմատություն կատարել ճապոնիայի Ազգային բանկի հետ; Ճապոնական օրենքով՝ ճապոնիայի Ազգային բանկի հիմնական խնդիրը ազգային-պետական շահերին ծառայելն է: Սա «ճապոնական հրաշքի» հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձավ:  Իսկ ո՞ւմ շահերով է առաջնորդվում ՀՀ կենտրոնական բանկը: Տնտեսության իրական հատվածը շահերի այդ շրջանակից հաստատապես դուրս է; Իսկ քանի դեռ այդպես է՝ «հայկական հրաշքին» սպասելու հիմքեր չկան:

Սամվել Ավագյան