Հայ ազգային կոնգրեսի համագումարը կարեւոր ժամանակահատվածում է տեղի ունենում՝ ներքին եւ արտաքին գործընթացների մեջ, վստահ եմ, որ այն արգասաբեր աշխատանքով կարեւոր որոշումներ կկայացնի եւ կուղղորդի կազմակերպությունը երկրի արտաքին ու ներքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ գրեթե մեկ տարի է, ինչ ԱԺ-ում աշխատում են միասին, ունեն համագործակցության լավ փորձ: «Այդ համագործակցությունը բխում է մեր երկրի առջեւ կանգնած խնդիրները համատեղ լուծելու մարտավարությունից, անկեղծ ցանկությունից: Անկախ մեր ունեցած տարբերություններից, մեկ բանում համոզված ենք, որ այսպես այլեւս շարունակվել չի կարող: Պետք է մեր երկիրը փոխենք այնպես, որ կասեցվի ահագնացող արտագաղթը, արյունաքամ է լինում մեր ժողովուրդը, մեր հայրենիքում սկիզբ դնել մի գործընթացի, որ բոլորիս երազած Հայաստանն ունենանք օր առաջ: Այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ առաջիկա ընտրություններին միասնական դիրքորոշումներով պետք է հասնել նրան, որ օգտագործվի այս պատեհ առիթը, որ Երեւանում հաստատվի ընդդիմադիր իշխանությունը»: Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը, որ հաջողեն: «Եթե չստացվեց նախընտրական դաշինքը, կարելի է խոսել հետընտրական դաշինքի մասին: Ուրախ եմ, որ ՀԱԿ-ի գործիչներն էլ են դա կարեւորում: Եթե հնարավոր չլինի անմիջապես ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, դա հնարավոր է անել ավագանու ներսում` հետընտրական դաշինք ունենալով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























