Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ բովանդակազրկի նախագահական ընտրությունները եւ բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը  իր այս շուլլերական խաղին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿԿ հիմնադիր համագումարում ասա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ ժողովուրդն այստեղ էլ գտավ այլընտրանք, երբ Սերժ Սարգսյանը ստիպված էր նորից կեղծել ընտրությունը, ժողովուրդը ընդվզեց:  «Իհարկե, այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումը այսօր փակուղի է մտել: Մյուս կողմից ակնհայտ է, որ համատարած դժգոհությունը պահպանվում է: Ավելին՝ ապրիլի 9-ին կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Ավելի պերճախոս վկայություն Սերժ Սարգսյանի տապալման կարո՞ղ ենք ունենալ: Այսօր ունենք ընդվզած ժողովուրդ, բոլոր գլխավոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, եւ նրանք չեն ընդունում Սերժ Սարգսյանի  լեգիտիմությունը: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ երկրում այսօր ստեղծված է հեղափոխական վիճակ: Այս իրավիճակում մեզնից պահանջվում են գրագետ գործողություններ, որոնք թույլ կտան թուլացնել ռեժիմի դիրքերը, բացել հեռանկարներ ժողովրդավարության հաստատման համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝   ՀԱԿ-ը այն ուժն է, որը նվաճեց Հայաստանի անկախությունը եւ կազմակերպեց հայ ժողովրդի ատաջին ռազմական հաղթանակը պատմության վերջին 700 տարվա մեջ, այն ուժն է, որը չբավարարվեց այդ պատմական, լեգենդար դերակատարությամբ եւ 2007-ից նորից բարձրացրեց ժողովրդավարության համար պայքարի դրոշն իր ձեռքը եւ ստեղծեց ավազակապետության դեմ սրբազան դիմադրության շարժումը: «Մենք անկախական ուժ ենք, ազատական ենք եւ ցանկանում ենք ունենալ օրինականության վրա կառուցված պետություն: Մենք չունենք հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, գաղափարախոսական դոգմաներ, բաց ենք աշխարհի դինամիզմի եւ նոր գաղափարների համար: Զարմանալի չէ, որ այն միակ ուժն ենք, որի հետ են այսօր Ղարաբաղ կոմիտեի անդամներ, Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գեւորգյանը, Ալեքսան Հակոբյանը, կարող եմ տալ նաեւ Աշոտ Մանուչարյանի անունը: Կարծում եմ՝  հոգու խորքում մեզ  հետ է , ուղղակի մի քիչ ձեւեր է թափում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ այսօր նոր անդամագրվածների թիվը հասնում է 1813-ի, բայց այն անընդհատ ավելանում է:  «Այսօր ՀԱԿ կուակցությունը կայացած փաստ է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am