Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքը կստանա ընտրողների ձայների առնվազն 40 տոկոսը: Այս մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արարատ» ամսագրի խմբագիր, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ալեն Սիմոնյանը, ով, հավանաբար, անփորձության պատճառով դաշինքն անվանեց «Բարեւ, Երեւան» կուսակցություն եւ սխալն ուղղեց միայն լրագրողների դիտողությունից հետո:
Նրա կանխատեսումներով` Երեւանի ավագանու կազմում, բացի «Բարեւ Երեւանից», կլինեն նաեւ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, իսկ ահա ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը» եւ «Առաքելությունը» չեն կարող հաղթահարել 6 տոկոսի շեմը:
Ըստ նրա, ՀԱԿ-ն ու «Օրինաց երկիրը» շանսեր չունեն, քանի որ ժողովուրդը հրաշալի տեղեկացված է նրանց քաղաքական գործունեության մասին:
Գնահատելով նախընտրական արշավը` Սիմոնյանը նշեց, որ քարոզարշավի սկզբում Հայաստանի քաղաքական կյանքում կարեւոր էին ապրիլի 9-ի ակցիաները. «Չնայած որ նախընտրական արշավը մեկնարկել է, ես որեւէ ակցիա չեմ նկատել, բացի Տարոն Մարգարյանի լուսանկարով դեղին պաաստառները: Դեղին պաստառները հաջող PR քայլ չէ, քանի որ այդ գույնն ասոցացվում է արեւածաղկի ձեթի գովազդի հետ, դա ես ասում եմ որպես PR մասնագետ»:
Նշենք, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որն այդպես էլ չներկայացավ ասուլիսին` չզգուշացնելով անգամ կազմակերպիչներին: Հավանաբար նա որոշել էր խուսափել լրագրողների հետ հանդիպումից` չպատասխանելու համար նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա այցի արդյունքների մասին հարցին:




























