Հայիթիի կործանիչ երկրաշարժի զոհերի թիվը ավերակների մաքրման աշխատանքների ավարտից հետո կարող է հասնել 300 հազարի. տարերային աղետի արդեն 200 հազար զոհեր հուղարկավորվել են: Այդ մասին հայտարարել է Հայիթիի նախագահ Ռենե Պրեվալը՝ Մեքսիկայում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ: Ավելի վաղ պաշտոնական Հայիթին հայտարարում էր 170-230 հազար զոհերի մասին:

Պրեվալի խոսքով, արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրը համարվող Հայիթիի հազարավոր բնակիչներ մնում են առանց տանիքի եւ աշխատանքի:

Նա նշել է, որ երկիրը կարիք ունի ոչ միայն հումանիտար օգնության, այլեւ տնտեսության վերականգնման, հաղորդում է Associated press-ը:

Հիշեցնենք, որ կործանիչ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին: 7 մագնիտուդի հզոր ցնցումը տեւել է 40 վայրկյան, ապա դրան հաջորդել են եւս մի քանի ցնցումներ՝ 5 մագնիտուդի։ Աղետի հետեւանքով մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը ամբողջությամբ կործանվել է: