Մարտավարական տեսակետից ՀՅԴ-ն հիմնական շեշտադրումը կատարելու է  իր նախընտրական ծրագրի լայնամասշտաբ քարոզչության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` քարոզարշավի ընթացքում կուսակցության անդամները ներկայացնում են Երեւանի կառավարման հարցում իրենց մոտեցումները. «Կարծում ենք, Երեւանի ավագանու ընտրություններն իրենց մակարդակով, բովանդակությամբ եւ էությամբ քաղաքական են: Ուստի փորձում ենք մեր համաքաղաքացիներին ներկայացնել, թե նրանք ինչ կշահեն ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ ներկայումս կուսակցությունն իրականացնում է «տնից տուն» ծրագիրը, առաջիկա շաբաթվա ընթացում կմեկնարկեն  բակային հանդիպումները: «Մայիսին, մինչեւ ընտրությունները, տեղի կունենա նաեւ մեծ համաքաղաքային միջոցառում, որի ժամանակ մենք կփորձենք ներկայացնել մեր վերջնական մոտեցումները»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը: