Բարձր որակավորում ունեցող մասնագետները հեռանում են Հայաստանից։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ընդգծելով, որ բացի ոլորտի ցածր ֆինանսավորումից (այսօր բյուջեից ֆինանսավորումը 27 մլն դոլար է), լուրջ խնդիր է նաեւ երիտասարդ գիտնակաների արտահոսքը։

Գիտության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ 35-40 տարեկան գիտնակաների թվաքանակն այսօր կտրուկ նվազել է, եւ սա այն դեպքում, երբ մարդիկ հենց այդ տարիքում են առավել շատ դրսեւորում իրենց՝ իբրեւ գիտնական։ Էականորեն բարձացել է գիտությունների թեկնածուների եւ դոկտորների միջին տարիքը։ Մասնավորապես, գիտության թեկնածուների միջին տարիքը 57 է, իսկ դոկտորներինը` 61:

Սամվել Հարությունյանի խոսքով, 1990-ական թվականների սկզբից մինչեւ 2000 թվականը, էականորեն պակասել է գիտական կադրերի թիվը՝ 28 հազարից դառնալով 7500:

Այդուհանդերձ, երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու եւ արտահոսքը նվազեցնելու համար իրականացվում են մի շարք ծրագրեր, այն է՝ արտոնյալ վարկերի տրամադրում բնակարաներ ստանալու համար, դրամաշնորհային ծրագրեր, ամառային դպրոցների կազմակերպում եւ այլն։

Գիտնականն ասում է, որ այսօր հատկապես լուրջ խնդիրներ կան հումանիտար գիտությունների բնագավառում: