Չնայած հորդառատ անձրեւին, փետրվարի 22-ին կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել են ոսկու շուկայի, մասնավորապես՝ Խորենացի փողոցում գտնվող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում, ինչպես նաեւ «Տաշիր» եւ «Մալաթիա» տոնավաճառներում ոսկու առեւտրով զբաղվող անհատ ձեռներեցները, որոնք պահանջում են իրենց հնարավորության տալ առեւտրային գործունեությունն իրականացնել հաստատագրված վճարով: Նրանք մի քանի օր է, ինչ գործադուլ են հայտարարել եւ բողոքում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից։

Այսօր նրանց են միացել նաեւ այլ ոսկու շուկաների աշխատակիցները, եւ պատրաստվում են իրենց պահանջները ներկայացնել երկրի վարչապետին։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են վերականգնել հաստատագրված վճարները, իրենցից հաշիվ-ապրանքագիր չպահանջել, ոսկու շուկայում գույքագրում չանել, քանի որ դա նշանակում է, թե տարվա ավարտին իրենց վրա լրացուցիչ հարկային պարտավորություններ են դրվելու: Նրանք պահանջում են նաեւ, որպեսզի տուգանքների չափը 150 հազարից իջեցվի 75 հազարի, ինչպես եղել է մինչ օրս:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի