Մենք շատ լուրջ ճանապարհ ենք անցել, եւ պատմությունը, երեւի, կհաստատի դա։ Դրա հետ մեկտեղ մենք ստեղծագործական եւ ծայրահեղ դժվար գործ ենք սկսել՝ Արցախի պետականության կերտումը։ Մենք միաժամանակ վերականգնել ենք վարչական կառուցվածքը, խորհրդարան եւ բանակ ենք ստեղծել։ Այս մասին ղարաբաղյան շարժման 22-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախկին նախագահ, երկրի ներկայիս արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։
«Այսօր արցախցի բոլոր պատգամավորները պատասխանատվություն են կրում այս ստեղծագործական գործընթացի համար։ Ամենամեծ բանը, որ կարող է անել պատգամավորը՝ իբրեւ ժողովրդի ներկայացուցիչ, այսօր եւ վաղը արվող քայլերը լրջորեն կշռադատելն է։ Ամենամեծ պատասխանատվությունը մենք կրելու ենք պատմության առաջ։ Ես կարծում եմ, որ մինչ օրս ամեն ինչ ճիշտ է արվել։ Շատ հարցեր լուծում են գտել, սակայն այսօրվա մարտահրավերները պակաս լուրջ չեն, քան նախորդները։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, եթե պահանջվի՝ անգամ ինքնազոհողության»,- ասել է Գեորգի Պետրոսյանը։




























