Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր` ապրիլի 16-ին, հանդիպել է Դալմայի այգու տուժած քաղաքացիների եւ վարձակալների հետ:

Հենց տարածքում Վահագն Խաչատարյանը ներկայացրել է Դալմայի այգիների հետ կապված խնդիրը եւ նաեւ նշել դրա լուծման ուղիները: Նա հիշեցրել է, որ դեռ 90-ականներին քաղաքային խորհրդի պատգամավորներով հասան նրան, որ Դալմայի այգիները սեփականաշնորհվեցին եւ որոշվեց, որ 5 տարով հողերը վարձակալության տրվեն, այնուհետեւ եւս 10 տարով հետագայում երկարաձգվեց վարձակալության պայմանագրերը:

«Մենք հասկանում էինք, որ Երեւանի զարգացման հնարավորությունները շատ սահմանափակ են, Երեւանի զարգացման այս պայմաններում հատկապես էկոլոգիական վատ խնդիրներ են առաջանում եւ փրկության օղակներից մեկը հանդիսանում էր ամբողջ Դալմայի այգին այդպես թողնելը: Մեկ այլ ծրագիր եւս ունեինք, որ բացի Դալման որպես գյուղատնտեսական հողատարածք օգտագործելը, Դալման դառնար քաղաքային այգի: 1991թ, երբ հարցը ներկայացվում էր, պատմաբաններն ասացին որ ուրարտական շրջանից մնացած հուշարձաններ կան այդտեղ, օրինակ` ջրանցքը»,- ասել է նա:

Նախկին քաղաքապետը նշել է, որ ինքը Դալման միշտ տեսել է որպես այգի, որը մարդիկ կարող են օգտագործել ինչպես գյուղատնտեսական նպատակներով, այնպես էլ որպես քաղաքային այգի, զբոսավայր: Նրա խոսքով` այսօր ամենամեծ խնդիրը կապված է այդ տարածքում կառուցվող նոր ճանապարհի հետ: «Այդ ճանապարհի խնդիրը չգիտես ինչու մեջտեղ եկավ հիմա: Այդպիսի ծրագիր նախկինում Երեւանի հատակագծում չի եղել: Եւ եթե նույնիսկ այդ ճանապարհի անհրաժեշտությունը կա, ես խնդիր կդնեի, այդ ճանապարհը կառուցել ոչ թե գետնի այլ սյուների վրա`15-30 մետր բարձրության վրա, եթե դրա անհրաժեշտություն խիստ կա: Բայց ես կարծում եմ, որ այսօր Երեւանում դրա անհրաժեշտությունը չկա: Այն ճանապարհը, որ կառուցվում է, որը պետք է Լենինգրադյան փողոցը միացնի Իսակովի պողոտային, հենց հիմա ընդարձակվում է, ընթացքում նոր նախագծեր կան, ճանապարհների կողքերին շինարարական աղբ է լցվում, ես հասկանում եմ, որ դա մի նպատակ է հետապնդում, այն հետագայում օգտագործել կառուցապատման համար»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Խնդրի լուծումը, նրա խոսքով, այն է, որ նոր կառուցվող ճանապարհից դուրս ոչ մի կառուցապատում չիրականացվի, այգին վերականգնվի:

Նա տեղեկացրել է, որ Դալմայի այգիներից դեռեւս 750 հա պահպանվել է, այն եղել է  Երեւանի օդի մաքրման լավագույն ֆիլտրը: «Դալման ինձ համար երբեք չի եղել այգի,այն ձեւով, ինչ որ տեսել ենք: Այստեղ ձմեռները դահուկ եմ քշել, ամառները ծիրան եւ այլն, ես միշտ տեսել եմ քաղաքային այգի»,- ասել է նա:

Քաղաքապետի թեկնածուն շեշտել է, որ կանաչի համար միշտ հնարավոր է հող գտնել, եթե ցանկություն կա: Նա կարծում է, որ առանձին ծառատունկ անելով Երեւանը չի կարելի փրկել, լուծումը` մասսայական անտառաշերտեր տնկելն է:

Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման եկած Դալմայի այգիների հողօգտագործողների ժառանգ, Դալմայի այգիների եւ դրանց նախկին հողօգտագործողների շահերի պաշտպանության նպատակով ստեղծված «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը իր մտահոգությունը հայտնեց ոչ միայն հողօգտագործողներին փոխհատուցելու, այլեւ Երեւանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Նրա ձեռքում այն որոշումն էր, որով Կառավարությունը 1991թ որոշել է հողամասերը բաշխել հողօգտագործողներին, դրույթներում հստակ նշված էր, որ հողօգտագործողներից հողամասը ետ չէր վերցնելու, թեեւ տրվել էր վարձակալության պայմաններով: Իսկ հետ վերցնելու պարագայում նրանց պետք է տրվեր համարժեք հողամաս եւ համարժեք արդարացի փոխհատուցում. «Առայսօր համարժեք հողամասի մասին իշխանությունները լսել անգամ չեն ուզում, փոխհատուցումը սկսել են, սակայն դա չես կարող համարել արդարացի, որովհետեւ Կառավարությունը այլ գումարներով է առքուվաճառքը իրականացնում, մինչեւ անգամ 2 դոլարով ստացող է եղել, մեզ ասել են 10 դոլարի սահմանում»,- նշել է Ռուզաննա Ղազարյանը` հավելելով, որ իր հողամասը 4000 մետր տարածք էր ըստ պայմանագրի, սակայն կողքից 1000 մետր անջրդի տարածք եւս տվել էին:

Նրանց նպատակն է արդարացի փոխհատուցման գործընթացը ավարտին հասցնել, զբաղվել Դալմայից մնացած այգիների պաշտպանությամբ, ժողովրդին հասցված վնասի փոխհատուցման խնդրով. «Եթե այտեղ ծառ չի լինելու, միայն շինություններ են, Երեւանը ինչո՞վ է օդը մաքրելու, չգիտեմ»,- նշել է նա` հավելելով, որ խնդրի լուծումը կապում է երեւանցիների գիտակցությունների բարձրացման հետ: Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ սա միայն հողօգտագործողի խնդիրը չէ, այսպես թե այնպես տեղական, թե միջազգային դատարաններում նրանց փոխհատուցում տալու են, սակայն երեւանցիները պետք է մտահոգվեն, թե ինչպես է լուծվելու ծառերի, թթվածնի զտման  հարցը: