ԱՄՆ-ը ներդնում է իր ներուժը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում՝ փորձելով նոր շունչ տալ լճացում ապրող գործընթացին։ Այս մասին EurasiaReview.com-ի էջերում գրում է ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուչերան։

Կուչերան կարծում է, որ «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 225-րդ բանաձեւի ընդունումը գործընթացի հաղթաթուղթն է»։

Այնուհետեւ նա բերում է մի քանի այլ փորձագետների փաստարկներ. «ԱՄՆ-ի դերն այս գործընթացում դժվար է գերագնահատել։ Եւ եթե Սպիտակ տունը չդրդի կողմերին առաջ շարժվել, արձանագրությունների վավերացման գործընթացը զգալիորեն կթուլանա»,- ասել է Կոլումբիական համալսարանի փորձագետ Դեյվիդ Ֆիլիպսը։

«Armenian Reporter»-ի խմբագիր Էմիլ Սանամյանը հետեւյալ կերպ է արտահայտվել. «Ինձ թվում է, որ Օբամայի վարչակազմը կոնգրեսմեններ Հովարդ Բերմանին եւ Նենսի Փելոսիին խնդրել է չշոշափել բանաձեւը, քանի դեռ գործընթացում առաջխաղացում է նկատվում։ Իսկ այժմ, երբ առաջընթաց չի նկատվում, բնական է, որ Կոնգրեսը որոշել է մարտի 4-ին բանաձեւը քննարկման դնել»։

Այնուհետեւ Կուչերան նշում է, որ որոշ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու բավարար միջոցներ չունի։