Ժամանակն է, որ ոչ թե ձեռքը դնենք սեղանին, այլ խփենք սեղանին եւ ասենք, որ հերիք է` վեր ընկեք ձեր տեղը եւ աջը քաշած ձեր առաջ դրված աշխատանքը կատարեք: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, Նոր-Նորքի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ իրենք տղամարդկություն ունեն ասելու, որ կատարվել է աշխատանք եւ միաժամանակ ասում են, որ իրենք կարող են ավելին:

Արմեն Երիցյանը որպես օրինակ նշեց ԱԻ նախարարության օրինակը, երբ ԱԻՆ ոլորտում Հայաստանը ներկրող երկրից դարձել է արտահանող երկիր: «Համայնքի ղեկավարներին եթե չստիպեն աշխատել, շարունակելու են հանցավոր ռեժիմով աշխատել»,- նկատեց Արմեն Երիցյանը: Նա նաեւ առանձնացրեց հաշմանդամների խնդիրը, որոնք իրենց կարգավիճակի պատճառով չեն կարողանում լիարժեք ուսում ստանալ կամ աշխատանքի անցնել:

Քաղաքապետի թեկնածուն կարծում է նաեւ, որ ամեն թաղում պետք է երեւանցիների ակումբներ լինեն, որտեղ  մարդիկ հավաքվեն եւ նրանց հանդիպելու գան տեղի իշխանությունները:

Խոսելով վերելակների խնդրից, Երիցյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ ամեն անգամ մարդիկ վերելակ նստելիս չխաչակնքվեն: «Խնդիրներն այնքան շատ են, որ մի պահ մտածում եմ կարող է ես էլ տակից դուրս չգամ»,- ասաց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ վստահ է, որ կընտրվի: Չընտրվելու դեպքում էլ շարունակելու է երեւանցու դարդով ապրել: