Երեւանցին այսօր քնած է, ժամանակն է, որ արթնանա եւ ասի. «Ես երեւանցի եմ, հերիք է բոլ է միսներս ուտեք»: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, Նոր Նորքի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով՝ մեր մեջ պետք է տղամարդկություն գտնենք  եւ այդ ամենն ասենք եւ դա ասելու ենք: «Ամեն մեկը գալիս է եւ ինչ-որ մի բան թելադրում է: Հիմա տեսեք, 1990-ական թվականներից այս կողմ մեր գլխին ինչ ասես եկել է: Մեկը Արտաշատից թնդանոթով էր կրակում, մյուսն՝ Էջմիածնից Աբովյանից ելքն ու մուտքն էր փակում, որովհետեւ այդպես էր ուզում: Մյուսները գալիս են Երեւանի կենտրոնում միտինգներ են անում, հետո մուտքերը սարքում իրենց համար տուալետներ: Իսկ 23.00-ից հետո երաժշտություն միացնում, որովհետեւ ուզում են պարեն ուրախանեն: Հլը գնացեք Ապարան, Եղեգնաձոր կամ, որեւէ մի գյուղ եւ երաժշտություն միացրեք այդ ժամին: Կգան գլուխներդ կջարդեն, որովհետեւ, մարդ կա մահացած, քնում են, փոքր երխաներ կան: Ես դեմ չեմ այդ ամենին, բայց դրա համար հատուկ ժամեր կան»,- ասաց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ ժամանակն է այս ամենին ասել. «Հերիք է»: Արմեն Երիցյանն առաջարկեց երեւանցիներով մեր Երեւանի թասիբը պահել եւ դա անել միասին: