Գաղափարը, ըստ որի Երեւանը պետք է դառնա փոքր կենտրոնը, իսկ Երեւանի շրջանները` արբանյակ քաղաքներ, տրամաբանական կլիներ, եթե Երեւանի բնակչությունը գերազանցեր 2.5 միլիոնի սահմանը: Այս մասին Newmag ամսագրին տված հարցազրույցում նշել է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք օրակարգում է այդ գաղափարը, որի մասին խոսակցություններ կային մի քանի տարի առաջ:
«Այսօր դեռ 2,5 մլն-ի սահմանագիծը չենք հատել: Երբ քաղաքի բնակչության թիվն ավելանա, այդ ժամանակ կմտածենք քաղաքային տնտեսությունը կառավարելու ավելի արդյունավետ վարչատարածքային լուծումների մասին: Այս պահին դրա կարիքը չկա»,-ասել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով Երեւանն օղակող անտառային գոտիներ ստեղծելու մասին հարցին, նա նշել է. «Նախատեսում ենք իրականացնել անտառվերականգնման լայնամասշտաբ ծրագիր: Այն ընդգրկելու է Եռաբլուրի եւ Փարոսի բլուրի տարածքները, Հաղթանակ զբոսայգու եւ Ծիծեռնակաբերդի անտառպուրակային հատվածները: Երեւանը շրջապատող մարզերի հետ համատեղ նույնպես լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն»:




























