Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի  /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շուրջ  30 տարի ապրիլի 18-ը  նշում է որպես Հուշարձանների պահպանության  միջազգային օր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամեն տարի ապրիլի 18-ին միջոցառումների շարք է անցկացնում Երեւանում, հանրապետության բոլոր մարզերում: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի  կողմից  ապրիլի 16-ին անցկացված խորհրդակցության ընթացքում հաստատվել է միջոցառումների ցանկը, համապատասխան հանձնարարականներ են տրվել ծառայությունների պետերին ու միջոցառումների պատասխանատուներին:

Ապրիլի 18-ին հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում  նախանշված են հուշարձանների ու դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, երթեր,  բաց դասեր, լուսանկարների ցուցադրություններ։ «Բանակ- կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակներում դեռ նախորդ տարվանից բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել: Գործակցությունն արդյունավետ է ու շարունակական բնույթ է կրում: Մայրաքաղաքի ու մարզերի հանրակրթական 370  դպրոցների մի քանի հազար  աշակերտների  ու պաշտպանության նախարարության զորամասերի ժամկետային զինծառայողների կողմից վաղը կմաքրվեն ու կբարեկարգվեն  500-ից ավելի հուշարձանների հարակից  տարածքներ: Մասնավորապես բաց դասեր կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, այլ մարզերի, ինչպես նաեւ Երեւանի հանրակրթական դպրոցներում:

«Լոռի բերդ» արգելոցում  տեղի հիմնական դպրոցի տարրական դասարարնների աշակերտների հետ կանցկացվի բաց  դաս` «Լոռի բերդի պատմությունը եւ Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությունը» թեմայով: Կապանում, Վանաձորում, Գյումրիում նախատեսված են  պատմաճարտարապետական հուշարձանների  լուսանկարների  ցուցահանդես:  Վանաձորում  եւ Եղեգնաձորում նաեւ  երթեր կլինեն: Վանաձորի  Ս. Աստվածածին եկեղեցու բակից /13-րդ դար/ ՊՄՊ մարզային ծառայության  աշխատակիցները, հասարակական  կազմակերպությունների  ներկայացուցիչները, ուսանողներն ու  դպրոցականները  երթով կհասնեն մինչեւ նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ էլ նախանշված է մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:

Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում եւս  երթ է նախանշված: Մասնավորապես ժամը 13.00-ին Մոմիկի անվան զբոսայգուց երթի մասնակիցները կհասնեն Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Կլինի մոմավառություն Ս. Սարգիս եկեղեցում, ապա երթի մասնակիցները կմիանան զինծառայողներին եւ հուշարձանների մարքման աշխատանքներ կիրականացնեն:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ համատեղ կանցկացվի «Թանգարանը որպես ոչ ձեւական կրթության միջավայր» թեմայով միջոցառում: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  դպրոցականների  մասնակցությամբ կանցկացվի ասմունքի ցերեկույթ: