Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում բյուջեների պլանավորման եւ ներկայացման նոր մեթոդի մշակման ուղղությամբ: Այն կոչվում է «ծրագրային բյուջետավորում», այսինքն՝ բյուջեի ներկայացում ըստ ծրագրերի: Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային Ժողովում արդեն իսկ տեղի են ունեցել լսումներ այս հարցի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի պարզաբանումները NEWS.am-ին:
Պրն. Սաֆարյան, ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագրային բյուջետավորումը:
90-ականների վերջերին ընդունված «Բյուջետային համակարգի մասին» օրենքով պարտավոր էինք բյուջեն ներկայացնել 4 ձեւաչափով. տնտեսագիտական, գերատեսչական, գործառնական (ֆունկցիոնալ) եւ տարածքային դասակարգումներով: Ժամանակի ընթացքում տարածքային դասակարգումը դուրս եկավ, որովհետեւ ծախսեր կան, որ շատ դժվար է ըստ տարածքների բաղդատել: 2004 թվականից աշխատում ենք, որպեսզի բյուջեն կազմվի եւ հաստատվի նաեւ ծրագրային ձեւաչափով: Փորձը ցույց է տալիս, որ պատգամավորներին եւ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ծախսերի տող առ տող թվարկումը, որքան արդյունքը: Բյուջետային քննարկումների ընթացքում միանշանակ ավելի շատ շեշտադրվում է արդյունքը: Ծրագրային բյուջետավորումը թույլ է տալիս ծախսերը կապել արդյունքների հետ: Մեր բյուջեն ներկայում տողային է ներկայացվում, որտեղ հստակ չէ կապը արդյունքների հետ: Ծրագրային բյուջեն ենթադրում է, բացի ֆինանսական ցուցանիշներից, նաեւ ոչ ֆինանսական ցուցանիշների արտացոլում;
Իսկ ինչպիսի՞ն է համաշխարհային փորձը:
Ծրագրային բյուջետավորումը երկար պատմություն չունի: Հայաստանը ԱՊՀ բոլոր երկրների համեեմատ երկու քայլ առաջ է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծրագրային բյուջետավորման հարցում ավելի շահագրգռված է օրենսդիր մարմինը, սակայն Հայաստանի պարագայում գործադիրն է նախաձեռնում: Մենք համոզվել ենք, որ այն պատգամավորները, որ ծրագրային բյուջեի վրա աշխատել են, ավելի խորը եւ դիպուկ հարցադրումներ են կատարում: Աշխարհում շատ չեն այն երկրները, որ ամբողջովին անցել են ծրագրային բյուջետավորման; Առաջին փորձը, որքան էլ զարմանալի է, սկսել է կիրառել ՆԱՏՕ-ն: Կնշեի Նոր Զելանդիայի հաջող փորձը: Խորվաթիայում փորձն անհաջող անցավ, քանի որ պետական ֆինանսների համակարգում խառնաշփոթ ստեղծվեց: Գերմանիայում Հեսսենի երկրամասը կիրառում է ծրագրային բոյւջետավորում, հարեւան երկրամասը՝ ոչ:
Ի՞նչ փուլերով եք նախատեսում անցնել ծրագրային բյուջետավորման:
Մենք արդեն 2010 թվականից որոշ քայլեր արել ենք՝ առողջապահության եւ կրթության ոլորտում ծախսերը ներկայացնելով նաեւ ըստ ծրագրերի: Երկրորդ փուլում կլինի մասնակի անցում՝ կներկայացնենք եւ ծրագրերը, եւ տնտեսագիտական դասակարգումը; Դա նախատեսվում է 2016 թվականից: Այնուհետ անցում կկատարենք ամբողջական ծրագրային բյուջետավորման:
Ի՞նչ ռիսկեր կան:
Ծրագրային բյուջետավորումն ունի ակնհայտ դրաքկան, սակայն նաեւ՝ բացասական կողմեր: Տնտեսագիտական դասակարգումը թույլ է տալիս գանձապետարանին՝ ավելի հստակ վերահսկողություն իրականացնել: Այն երկրներում, որտեղ կոռուպցիոն վտանգները մեծ են, ծրագրային բյուջետավորումը ռիսկեր է պարունակում: Այս առումով մենք իդեալական չենք; Սակայն կառավարման ապակենտրոնացումը միանշանակ դրական միտում պետք է համարել:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























