Ներկայումս մեր երկրում գոյություն ունի երկու իրականություն. մեկը վերաբերում է մարդկանց շատ փոքր խմբի, ովքեր հիմնականում գտնվում են իշխանության կամ իշխանությանը շատ մոտ, եւ կա իրական Հայաստան, որն ընդգրկում է մեր բնակչության 95-97 տոկոսը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Աջափյան թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Դա են ապացուցում տարբեր տվյալներ. Վերը նշվածի վերջին ապացույցը նախագահական ընտրություններն էին, որոնց միջոցով ժողովուրդն իր դժգոհությունը հայտնեց եւ շատ կոնկրետ նպատակ դրեց մեր բոլորի առջեւ՝ փոխել երկիրը»,-ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ նախագահական ընտրությունները համընկան «GALLUP» հայտնի կազմակերպության կողմից բոլոր հետխորհրդային երկրներում անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալների հրապարակման հետ: «Այդ տվյալների համաձայն՝ Հայաստանն առաջին տեղում է երկիրը լքել ցանկացող քաղաքացիների թվով, 40 տոկոս, որը մոտ մեկ մլն մարդ է: Կարելի է եզրակացնել, որ մենք արդեն հատել ենք ազգային անվտանգությանն սպառանացող սահմանը»,-ընդգծեց նա:

«Հայաստանում ստեղծված իրավիճակը նման է նախկին Խորհրդային Միության վիճակին: Թեեւ գրանցված են շատ կուսակցություններ եւ ԱԺ-ում ներկայացված են 6 ուժեր, բայց առայժմ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Այս իրավիճակում սպասել, որ կարող է լինել մրցակցություն, կարող է արտահայտվել ժողովրդի կամքը, պարզապես անհնար է»,-հայտարարել ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ ոչ միայն ԱԺ-ն, այլեւ քաղաքային իշխանության կառույցներում մեծամասնությունը կազմում է ՀՀԿ-ն: «Ստացվում է, որ մեկ կուսակցություն անում է այն, ինչ ուզում է: Անցել է այսքան ժամանակ, եւ ներկա իշխանությունը ունենալով բոլոր լծակները, ժողովրդի համար ոչ մի լավ բան չի արել»,-նշեց ԱԳ նախկին նախարարն ու հավելեց, որ ԲՀԿ-ի թեկնածուի Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում տեղի կունենա շահերի մրցակցություն, ոչ թե՝ բախում: