Հայաստանի ԱԻՆ-ն այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի Ս. Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից եւ հատուկ հրշեջ ջոկատից 1-ական մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ եւ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Ուսումնավարժության նպատակներն էին.
գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաեւ ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության եւ ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները.
կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի եւ հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները.
ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:
Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ էր բռնկվել, որը գրավել էր շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում էր դեպի տանիք։ Կար 4 պայմանական տուժած, որոնք ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ եւ այլ վնասվածքներ։ Առկա էր հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, եւ անհրաժեշտ էր տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին եւ 1000-ից ավելի աշակերտներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ. ստեղծել եւ ներդրել է Հայաստանում նախադեպը չունեցող հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ:
Մոնիթորինգի խնդիրն է ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասցնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ «911» արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակ: Այս համակարգի կիրառմամբ հնարավոր է խուսափել մարդկային զոհերից, ավերածություններից, նվազագույնի հասցնել հրդեհի պատճառած վնասը, ապահովել աշխատակիցների եւ կառույցի անվտանգությունը:
Հանրապետությունում «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգն առաջինը տեղադրվել է Ս. Գեւորգյանի անվան դպրոցում եւ գործնականում կիրառվում է առաջին անգամ։ Հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ` «911» ծառայության միջոցով եւ հրդեհի դեպքում ապահովում է ինքնաշխատ կանչ՝ առանց անձնակազմի միջամտության։
Որոշված ժամին կառավարման վահանակից տրվեց տագնապի ազդանշան, որն ավտոմատ փոխանցվում է ՃԿԿ։ Շենքում բարձրախոսների միջոցով հրահանգ եղավ կազմակերպել դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների անհապաղ տարհանում։ Դեպքի վայր ժամանած արձագանքման ուժերը սկսեցին տարածքի հետախուզություն, հայտնաբերեցին եւ վտանգավոր գոտուց դուրս բերեցին «տուժածներին»` միաժամանակ սկսելով հրդեհաշիջում։
Ներկայումս Հայաստանում այս համակարգը տեղադրված է ավելի քան 155 օբյեկտում` պետական կառավարման հիմնարկներ, գործարաններ, պահեստներ, խանութներ, հյուրանոցներ եւ այլն:




























