ԲՀԿ-ն չի միացել նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, քանի որ ի սկզբանե կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին եւ թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու եւ որոշել է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը մինչեւ վերջ: Այս մասին ապրիլի 17-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը ղեկավարող Վարդան Օսկանյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Այո, մենք ցանկանում ենք փոխել երկրում իրավիճակը, սակայն մենք վստահ չենք, որ մարդականց փողոց դուրս բերելով հնարավոր է ինչ-որ բան փոխել: Մենք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք մի քանի պատճառներով»,-նշեց Վ. Օսկանյանը` պարզաբանելով, որ  նախագահական ըտրությունների նախնական փուլում չհաջողվեց լայն քաղաքական կոնսոլիդացիա ունենալ եւ միասնական թեկնածու առաջադրել, երկրորդը «ընտրական համակարգի նկատմաաբ անվստահությունն էր»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԲՀԿ-ն չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանին, Վ. Օսկանյանը հայտարարեց, որ հնարավորություն էր թողել, որպեսզի  սկսված գործընթացը հասներ իր եզրահանգմանը: «Սակայն քանի որ Երեւանի ավագանու  ընտրությունները համընկան հետընտրական փուլի հետ, մենք որոշեցինք, որ անկախ ամեն ինչից, ժամանակն է կրկին պատասխանատվություն վերցնել եւ փորձել  փոխել իրավիճակը Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով»,-ասաց Վ. Օսկանյանը:

Հանդիպմանը մասնակցող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ներկայումս լուրջ քննարկումներ են կատարվում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ` ընտրական գործընթացի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու ուղղությամբ:  «Ընդդիմության միավորումը հնարավոր է նաեւ ընտրություններից հետո, հնարավոր է քաղաքապետի միասնական թեկնածուի առաջադրում»,-ասաց Ն. Զոհրաբյանը` ընդգծելով, որ հետընտրական միությունն ավելի արդյունավետ կլինի: