Մոտ է այն պահը, երբ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, սակայն դրա երկարաժամկետ հեռանկարները դեռ մշուշոտ են մնում։ Այս մասին FresnoBee ինտերնետ-պարբերականի էջերում գրել է ամերիկացի վերլուծաբան Մայք Դոուլը։ Դատողություններ անելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի մասին, որը Կոնգրեսում քննարկման կդրվի մարտի 4-ին, Դոուլը ուշադրությունը կենտրոնացնում է բանաձեւի ընդունմանը կողմնակից կոնգրեսական Ջիմ Կոստայի խոսքերի վրա։
«Ցեղասպանությունն այնպիսի երեւույթ չէ, որ մոռացության մատնվի, իսկ մեր ազգը չի կարող շարունակել վարել այս փաստը ժխտող քաղաքականություն»-հայտարարել է Կոստան։
Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ բանաձեւին կողմ են արտահայտվել Կոնգրեսի 137 ներկայացուցիչներ, իսկ այն ընդունելու համար անհրաժեշտ են 218 հոգու ձայները։
Հոդվածի հեղինակը անդրադառնում է նաեւ թուրքական լոբբինգին՝ նշելով, որ այն կարող է խոչընդոտել բանաձեւի ընդունմանը։ Նաեւ հիշեցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերի մասին, ով արդեն 2000 թվականին «սպանեց» բանաձեւը, իսկ հիմա էլ զբաղված է Թուրքիայի շահերի լոբբինգով։ Աղբյուրի հաղորդմամբ, նրան ամսական 45,000 դոլար են վճարել թուրքական շահերի լոբբինգի համար։




























