«Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսով «Էրեբունի» արգելոց-թանգարանն այսօր՝ ապրիլի 18-ին, միացել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան` ցուցադրելով Արցախի հնագիտական ժառանգության բացառիկ գտածոներ` Տիգրանակերտ, Կարկառ, Կերեն եւ Ծիծեռնավանք հնավայրերից:
Թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում 100-ից ավելի հնագիտական առարկաներ /եկեղեցական սպասք, դրամներ, պաշտամունքային, խոհանոցային, ծիսական եւ գյուղատնտեսական նշանակության իրեր/ եւ 12 պատկերազարդ պաստառներ շուրջ 1 ամիս այցելուներին եւ մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն Արցախ աշխարհի հողի հիշողության վկայություններ` փաստելով հայկական հնագիտական ժառանգության տեղը մշակութային ժառանգության շտեմարանում:
Ցուցահանդեսի բացումը նշանավորվեց ողջույնի պաշտոնական խոսքերով եւ շնորհավորանքներով: Հնադես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանն առանձնակի շնորհակալություններ հայտնեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության եւ Քանաքեռի կապի զորամասերին` ապրիլի 18-ին ընդառաջ արգելոց-թանգարանի տարածքում տարվող մաքրման եւ խնամքի աշխատանքներին աջակցելու համար:
Միջոցառման 200-ից ավելի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Ելույթներ ունեցան Արցախում հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբերի ղեկավարներ Համլետ Պետրոսյանը /Տիգրանակերտ, Շուշի, Հանդաբերդ/, Հակոբ Սիմոնյանը /Ծիծեռնավանք, Կերեն/ եւ Գագիկ Սարգսյանը /Կարկառ, Հոռեկավանք/: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար պատմ.գիտ. դոկտոր Համլետ Պետրոսյանը նշեց, որ <<Հնագիտությունը դա երազանք է, սակայն այդ երազանքին պետք է կարողանալ տեր կանգնել>>: Ներկաներին ողջունեց նաեւ Էրեբունի հնավայր այցելած ֆրանսիացի ճանաչված հայագետ Ժան Պիեռ Մահեն` մասնավորապես կարեւորելով Ծիծեռնավանքի հնագիտական հետզոտությունների արդյունքները:
Միջոցառման ողջ ընթացքում Էրեբունի թանգարանի հիմնական ցուցասրահում հնչում էր դաշնամուրային դասական երաժշտություն` դաշնակահար Միքայել Գաբրիելյանի կատարմամբ: Ցուցահանդեսի 1-ին այցելուներն էին նաեւ ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորամասի զինծառայողները:
Ցուցահանդեսը կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` Երեւան-Ստեփանակարտ համագործակցության շրջանակներում: Ցուցահանդեսի կազմակերպման գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը», ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը եւ ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2013թ. մայիսի 18-ը:




























