Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց կարճել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի դիմում-բողոքով հարուցված վարչական վարույթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նա պարզաբանեց, որ նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԿԸՀ անդամները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար իրականացնում են շրջայցեր: «ԲՀԿ-ի դիմումում նշված հանգամանքների վերաբերյալ ԿԸՀ-ին տեղեկացրել է նաեւ «Առաքելություն» կուսակցությունը եւ ԿԸՀ-ն դիմել էր քաղաքապետին եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներին` կազմակերպելու շրջայցեր Երեւանի ամբողջ տարածքում: Մինչեւ ԲՀԿ-ի դիմումի ներկայացումը,ԿԸՀ-ն իրականացրել էր շրջայցերը եւ վերացրել էր օրենքի խախտմամբ փակցված պաստառները,այդ պատճառով ԲՀԿ-ի կողմից ներկայացված դիմում-բողոքով հարուցված վարչական վարույթը, ԿԸՀ որոշմամբ, կարճվել է»,- հայտնեց Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ն դիմել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում անվճար քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված որոշ տեղերում «Բարգավաճ Հայաստան»-ի քարոզչական պաստառների վրա «Օրինաց երկիր» կուսակցության պաստառների փակցման կապակցությամբ՝ խնդրելով վերացնել օրենքի խախտմամբ փակցված պաստառները եւ կանխարգելել նման դեպքերի կրկնությունը:




























