Հայաստանի ազգային արխվին այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության մասին վկայությունների ամենամեծ պահեստարանն է: Այդ մասին ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Բնականաբար, ապրիլի 24-ին մենք նշելու ենք Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը եւ պատրաստվելու ենք 100-րդ տարելիցին»,- ընդգծել է Վիրաբյանը: Նրա խոսքով, Ազգային արխիվում ցեղասպանության վերաբերյալ 12 հազար փաստաթուղթ կա, որոնք բաժանվում ե երեք խմբի` պետական փաստաթղթեր, Ցեղասպանությունը վերապրած անձանց վկայություններ, որոնք ամենաարժեքավորն են, եւ այլ երկրներից բերված պատճեններ:
«Ցեղասպանության խնդրի հետազոտումը սկսվեց միայն 1965թ.-ից հետո: Իհարկե, դրանից հետո փաստաթղթերի մեծ քանակություն հրապարակվեց, սակայն դրանք հիմնականում պետական եւ դիվանագիտական փաստաթղթեր էին»,- ասել է Վիրաբյանը եւ հավելել, որ մարդը իր տառապանքներով եւ կորուստներով մնացել է առանց ուսումնասիրման: «Ուստի մենք ներկայումս զբաղվում ենք մարդկանց պատմությունները պարունակող փաստաթղթերի հրապարակմամբ»,- ընդգծել է Վիրաբյանը` նշելով, որ այդ հարցում շատ են ուշացել. «Ցեղասպանությունը վերապրած սերունդն արդեն չկա, կարող են լինել նրանց ժառանգները, որոնք դժվարությամբ ինչ-որ բան հիշեն»:
Արխիվի գործունեության եւս մեկ ուղղություն է նյութական կորուստների մասին փաստաթղթերի հետազոտումը: «Մենք ունենք նման 29 հազար փաստաթղթեր, եւ առաջիկա 10 տարիներին հերթով հրապարակելու ենք»,- ասել է Վիրաբյանը:




























