Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները բերման են ենթարկել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վերջինս ամենեւին էլ «հրեշ չէ», խելոք մարդ է, ուղղակի հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանություն բերման ենթարկվածը Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանն է:

Կարո Բաղդասարյանն ասաց, որ նա «իր գործունեության» ընթացքում մնացել է իրենց գյուղում, տարօրինակ բաներ ուներ, ուրվականի պես ման էր գալիս գյուղում: Գյուղապետը վստահեցրեց, որ այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղացիները այլեւս չեն վախենում:

Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է։

Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի են  հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: