Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 71 ՕՕ 100 համարանիշի (վարորդ 26-ամյա Տիգրան Գրիգորյան) եւ «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 համարանիշի (վարորդ 31-ամյա Կարեն Ղազարյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Գրիգորյանը եւ «Մերսեդես» մակնիշի 28 ԼՏ 944 համարանիշ ավտոմեքենայի ուղեւոր 26-ամյա Հովիկ Հարությունյանը հոսպիտալացվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Տ.Գրիգորյանը մահացել է, իսկ Հ.Հարությունյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: