ՀՀ կառավարությունը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը, ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալի, այսօր ստորագրել են համագործակցության ծրագիր, որը ներկայացնում է մոտակա 6 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ռազմավարական ուղղությունները, NEWS.am-ին տեղեկացրել են կառավարության մամուլի ծառայությունից:

2010-2015թթ. համագործակցության ծրագիրը (ՄԱԿԶԱԾ) մշակվել է ՀՀ Կայուն զարգացման ծրագրում տեղ գտած ազգային զարգացման հիմնական առաջնայնություններին համահունչ` հաշվի առնելով նաեւ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը:

72 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող համագործակցության ծրագիրը, որ հայտնի է նաեւ որպես Միավորված ազգերի կազմակերպության զարգացման աջակցության ծրագիր, անդրադառնալու է աղքատության նվազեցման, ժողովրդավարական կառավարման, հիմնական սոցիալական ծառայությունների, շրջակա միջավայրի կառավարման եւ աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին:

Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեությունը, նշել է, որ իրականացվող ծրագրերը համահունչ են կառավարության ծրագրերի տրամաբանությանն ու բովանդակությանը: Առաջին ուղղությունը կայուն, ինքնահարատ զարգացմանն ուղղված ծրագրերն են եւ այդ միջոցների մի մասն ուղղվելու է հենց կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը: Այնուհետեւ հիմնական սոցիալական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման խնդիրն է, ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը եւ տարածումը ՀՀ-ում, շրջակա միջավայրի եւ աղետների ռիսկերի նվազեցումը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, շնորհակալություն հայտնելով գերազանց համագործակցության համար, նշել է, որ գործակցության նոր ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ խորհրդակցությունների արդյունքում, եւ նպատակ ունի Հայաստան բերել միջազգային չափանիշներ, լավագույն փորձ, տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ` ազգային կարողություննները խթանելու եւ զարգացնելու համար:

Ծրագրի իրականացման գործընթացը կվերահսկվի համատեղ` Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի համակարգի կողմից: